Պատերազմ են մեկնում նաև կանայք

Երկրապահ կամավորականների միության անդամ է Արաքսյա Մարտիրոսյանը․ Կապանի Վերին Խոտանան գյուղում է ծնվել, ինչպես ինքն է ասում՝ Նժդեհի զինակիցների համաերկրացի է։ Որպես բուժքույր, մասնակցել է արցախյան երկու պատերազմներին, ինչպես նաև ապրիլյանին՝ կամավոր մեկնել առաջնագիծ։

Արաքսյան պատմում է, որ կրտսեր որդին 40 օրական էր, երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը։ Տղաների տարիքային տարբերությունը 6 տարի էր․ փոքրին թողեց եղբոր խնամքին ու ինքը մեկնեց Արցախ։


-Շատ ծանր ժամանակներ էին՝ մութ, ցուրտ, առանց սնունդ․․․ Երկրապահ կամավորականների ջոկատը դեռ կազմավորման փուլում էր․հիշում եմ, որ մեր հարևաններից մի տղամարդ, ով այդ ջոկատից էր, ինչպես էր ամեն օր մի մեծ մատնաքաշ՝առանց տոպրակի, թևի տակ դրած տուն գալիս։ Երեխաներիս հայացքը երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին նայում հեռացող տղամարդուն։ Մի օր մոտեցա նրան, խնդրեցի, որ ես էլ կարող եմ օգտակար ինչ որ բան անել։ Երկրապահների համար՝ճաշ կեփեմ, մաքրություն կանեմ․ միայն թե կարողանայի երեխաներիս պահեի։ Ու էդպես, նա ինձ տարավ ծանոթացրեց Երկրապահ կամավորականների հետ,-պատմում է Արաքսյան։

Մեկ շաբաթ գրասենյակում հեռախոսավարուհի էր, պատասխանում էր հեռախոսազանգերին, «կապ էր տալիս» մեկը մյուսին, իսկ հետո, ինչպես ինքն է ասում՝ տեսավ շատ բաներ ու մնաց։Պատերազմի ժամանակ առաջնագծում վիրակապում էր վիրավորներին, ճաշ պատրաստում, լվացք անում, օգնում՝ ինչով կարողանում էր։ «Իմ փոքր տղան էդպես էլ առանց մայրական քնքշանքի մեծացավ»,–տխրությամբ ասում է կինը։

Պատերազմի ավարտից հետո աշխատում էր Կապանի Հակաօդային պաշտպանությունում` որպես կապավոր։ Հետո տեղափոխվում է Շուռնուխ և ապրում հինգ երեխաների հետ։

Տունը, որտեղ բնակվում է Արաքսյան, Խորհրդային միության տարիներից մնացած կանգառ էր, նույն տեղում կացարան են կառուցել, որը հիմա գյուղի կենտրոնից հեռու է։

Հոկտեմբերի մեկին Որոտանում էր (Կուբաթլու), հետո տեղափոխվեցին Մեխակավան (Ջաբրայել), ամսի երկուսի լույս առավոտն արդեն Մեխակավանում էին։ Ցավով նշում է, որ իր հետ կային նաև երկու կանայք, որոնցից մեկը, հիմա ողջ չէ։ «Մեր Կարան էր, ասում էին Շուռնուխի Կարա, Զաբուղի Կարա։ Ապրիլյանին էլ ենք հանդիպել նրա հետ։ Շատ ցավալի է, երեք երեխաների մայր էր»։

Արաքսյան պատմում է, որ այս պատերազմը տարբերվում էր մյուս պատերազմներից։ Ասում է, որ մինչև հոկտեմբերի տասը մենակ էր առաջին բուժօգնություն ցուցաբերում վիրավորներին։ Հետո բժշկական համալսարանի մի ուսանող կար, սկսեցին միասին օգնել վիրավոր զինվորներին։

Պատմում է, որ 37 տարեկան, մի բուժքույր, այլևս ինքը բուժօգնության կարիք ուներ, քանի որ հոգեբանական ծանր վիճակում էր, ստիպված էին նրան տեղափոխել հոսպիտալ։

«Երբ անօդաչու թռչող սարքերը գալիս էին, ոչինչ չէինք միացնում, լույս չկար, մոմի լույսի տակ էի վիրավոր զինվորներին ներարկումներ կատարում»,–հիշում է նա և հավելում, որ ռազմաճակատում շատ են եղել բժիշկներ, բուժքույրեր, ովքեր իրենց կյանքը զոհել են զինվորների կյանքը փրկելու համար։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website